пятница, 13 ноября 2009 г.

"Halloween Magazine Projects" գլխավոր ֆորում

Տվյալ բլոգը նախատեսված է ամսագրի համարներից յուրաքանչյուրի հետ, ընթերցողի մակերեսորեն ծանոթացման համար: Այժմ ներկայացված են ամսագրի առաջին համարից 2 էջ: Ամսագրի գլխավոր ֆորումը գտնվում է hallomag.blogspot.com հասցեում, որտեղից կարելի է ներբեռնել ամսագիրն ամբողջությամբ և տեղեկանալ այլ ծրագրերի մասին:
Օնլայն ռեժիմում ամսագրի էջերը տրված են առանց նախշազարդերի և նկարների:

"Halloween" Համար 1

Էջ 4.

Հուսահատ էր կնոջ դեմքը: Այս որերորդ օրն էր արդեն, երբ դուրս էր գալիս աշխատանք փնտրելու, բայց ամեն օրվա վերջում նույն արդյունքն էր` ոչ մի արդյունք:
Բնակարանի կահավորանքը համեստ էր: Աչքի էր ընկնում միայն ննջասենյակի պատին կախված հսկայական նկարը, որը պատկերում էր արևոտ մի ծովափ` դեղին ավազ, կապույտ, ջինջ երկինք, վառող արև, պարզ և խաղաղ ծով: Մռայլ բնակարանի մեջ այն միակ գունավոր կետն էր:
Կինը փոխեց թաց շորերը: Կատուն հանգիստ նստել էր նկարի դիմաց և կարծես ինչ-որ բանի էր սպասում: Տարօրինակ կինը կենդանու կերամանի մեջ լցրեց նրան հասանելիք բաժինը, ամանը դրեց կատվի դիմաց և քայլերն ուղղեց դեպի նկարը: Երբ կինը ձեռքը ձգեց դեպի այն, ճայերի զիլ ճիչը լցրեց սենյակը, արևի տաք շողերը տաքացրեցին կնոջ սառած մարմինը, և ծովի ալիքները դուրեկան երգ երգեցին: Բնապատկերը կենդանացավ, և կինը քայլեց դեպի այն, ոտքն անցկացրեց նկարի շրջանակով և հայտնվեց ծովափում:
Այս ընթացքում կատուն հանգիստ ընթրում էր` անտարբեր հետևելով տիրուհու պահվածքին: Երևի դա կենդանու համար սովորական երևույթ էր դարձել: Կինը վեր թռավ անսպասելիությունից. այնքան տաք էր ծովափի ավազը: Սառն անձրևից հետո արևի ջերմ շողերը և ծովի տաք ջուրը լավ ազդեցին նրա վրա` թուլացնելով մկաններն ու հանգստացնելով միտքը:
Կես ժամից կինը դուրս եկավ նկարից: Հենց այդ վայրկյանին աստիճանաբար նկարից դուրս եկող արևի շողերը ետ քաշվեցին, ջրի ալիքների և ճայերի ձայները խլացան և վերջնականապես լռեցին. նկարը քարացավ և դարձավ այնպիսին, ինչպիսին որ պետք է լիներ: Սենյակը կրկին խորասուզվեց մթության մեջ, և դրսից լսվում էր միայն անձրևի կաթիլների դուրեկան խշշոցը:
Մարիամը, այսպես էին անվանում տարօրինակ կնոջը, ընթրեց և որոշեց մի քիչ զբոսնել, մտքերը դասավորել: Ծովի աղի ջուրը հանգստացրել էր մկաններն ու նոր հույս հաղորդել: Բնակարանի անկյուններից մեկում տեղադրված էր ծղոտե ցախավելը, այն ցախավելներից, որոնցով յուրաքանչյուր առավոտ հավաքարարը շենքերի բակերն է մաքրում: Վերցրեց ցախավելն ու բացեց պատուհանը: Սառը, աշնանային օդն ու անձրևի կաթիլները հարվածեցին դեմքին:


Էջ 10.

-Ո՞վ է,-զարմացած և վախեցած հարցրեց տղամարդը, մինչ տղան ապշած նայում էր հոր դեմքին, թե նա ինչպես է դատարկության հետ խոսում: Տանտերը, որը 40-43 տարեկան, նիհար և բարձրահասակ տղամարդ էր, ապարդյուն փորձում էր տեսնել մութ անկյունում թաքնված ձայնի աղբյուրը, որ ծածկված էր ոսկեգույն վարագույրով:-Դու՛րս արի այդտեղից,-բղավեց տղամարդը՝ չկարողանալով տեսնել ուրվականին:
Վարագույրը շարժվեց: Նախ երևացին անծանոթի փարաջայի փեշերը, որոնք քսվում էին գետնին՝ ծածկելով հյուրի ոտքերը: Սև փարաջան և քողը, որ ամբողջությամբ ծածկում էին նրա մարմինը, կարծես գիտակցություն ունենային, և առաջին հայացքից թվում էր, թե մարմին չկա նրանց ետևում, այլ միայն կտորից պատրաստված զգեստն է: Այս զգացողությունը ավելի ուժեղացնում էր այն փաստը, որ անծանոթի դեմքի փոխարեն սև անցք էր քողի մեջ, որից մինչև ոսկորները հասնող սառնություն էր փչում: Իսկ երբ հյուրի ձեռքում հայտնվեց փայլուն շեղբով գերանդին, որ արտացոլում էր ոսկեգույն իրերից անդրադարձող լույսը, հայրը դուրս բերեց տղային սենյակից:
-Ինչքա՞ն է քեզ պետք ինձ 10 տարի ժամանակ տալու համար,-հարցրեց տղամարդը, համոզված լինելով, որ դրական պատասխան պիտի ստանա: Սեփական կյանքի ընթացքում նա շատ անգամներ էր փողով տարբեր խնդիրներ լուծել և մի պահ կարծեց, թե իր դիմաց կանգնածը դասվում է այդ շարքին: Մեծ եղավ նրա զարմանքը, երբ լսեց քողավորի պատասխանը:
-Ինձ գումար հարկավոր չէ: Վերջացնենք,-լսվեց հյուրի քողի միջից, և երկրորդ ձեռքը ձգվեց դեպի գերանդին:
-Սպասի՛ր,-բղավեց տանտերը և կուչ եկավ: Նա դանդաղ մոտեցավ պատից կախված նկարներից մեկին, մի կողմ տարավ այն և թաքստոցից հանեց գումարի կապոցը: Երբ արժանացավ անծանոթի անտարբերությանը և գերանդու շեղբի օդ բարձրանալուն, երկրորդ ձեռքը, որ նույնպես գտնվում էր թաքստոցում, դուրս եկավ, և ատրճանակի փողը նայեց քողի մեջ: